Սոֆիայում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որը Լոնդոնի օլիմպիական խաղերի համար ուներ վարկանիշայինի արժեք, սկզբունքորեն վատ մասնակցություն չեն ունեցել հայ մարզիկները: Շնորհիվ Դավիթ Սաֆարյանի (66 կգ) ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովի (84 կգ) հաջող ելույթների, Հայաստանի ընտրանին նվաճեց ևս երկու ուղեգիր, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ տարվա մարզական խոշորագույն հանդիսությանը մեր ազատ ոճայինները կմասնակցեն երեք մարզիկով (օլիմպիական վարկանիշ արդեն իսկ ուներ 55 կիլոգրամ քաշային կարգը ներկայացնող Միհրան Ջաբուրյանը): Դավիթ Սաֆարյանը զիջել է միայն եզրափակիչում, իսկ Հաջիմուրադ Նուրմագոմեդովի համար մրցաշարը եղել է բացառապես հաղթական: Քառորդ եզրափակչի փուլն անհաղթահարելի է եղել մեր ընտրանու մյուս տղաների` Նարեկ Սանոյանի (60 կգ), Սուրեն Մարկոսյանի (74 կգ), Էդգար Ենոքյանի (96 կգ) և գերծանրքաշային Ռուսլան Բասիևի համար:
Բուլղարիայից երկու օլիմպիական ուղեգիր նվաճած են վերադարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: Աշխարհամասի ընթացիկ տարվա չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ), կիսաեզրափակիչում Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեին հաղթելուց հետո, եզրափակիչում գետնել է նաև էստոնացի Արդո Արուսաարին ու դարձել մրցաշարի հաղթող: Թիմակցի հաջողությունը նույնությամբ կրկնել է Յուրի Պատրիկեևը: Հիշեցնենք, որ մեր հունահռոմեականներից օլիմպիական վարկանիշ արդեն իսկ ուներ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): Ինչ վերաբերում է մեր մյուս մասնակիցներին, արդեն իսկ մեկ քառորդ եզրափակչից պայքարից դուրս են մնացել Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), իսկ 84 կիլոգրամ քաշային Հրաչյա Հովհաննիսյանի համար անհաղթահարելի է եղել մեկ ութերորդ եզրափակիչը: Այսպիսով, Սոֆիայի միջազգայինից հայ ըմբիշները վերադարձել են օլիմպիական չորս ուղեգիր նվաճած, ինչը բավականին հաջող ցուցանիշ է: Մնում է հուսալ, որ Չինաստանում կայանալիք վարկանիշային մրցաշարն էլ տղաների համար կլինի հաջող, և «Լոնդոն-2012»-ում մենք կունենանք բավականին ներկայացուցչական կազմ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ